2016-04-9 11:24:26

Ա. Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիայի գիտնականները պատրաստվում են հիմնել երկրաֆիզիակական պարամետրերի մոնիտորինգի հայկական ցանց

Հայաստանի Հանրապետության կառավարությունը Ա. Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիային հատկացրել է դրամաշնորհ՝ ստեղծելու երկրաֆիզիկական կարևորագույն պարամետրերի չափման ցանց: Նախագիծը իրականացնում է ազգային լաբորատորիայի Տիեզերական ճառագայթների բաժանմունքը՝ Ամերիկայի հայ ինժեներների և գիտնականների կազմակերպության Միչիգանի գլխամասի ֆինանսական աջակցությամբ:

Մթնոլորտում և երկրի մագնիտասֆերայում աճող դինամիկ երևույթները սպառնում են մարդկային քաղաքակրթությանը նոր վտանգներով` կապված հաճախակի և անկանխատեսելի եղանակային փոփոխությունների հետ:

Երկրի մագնիտոսֆերայի և մթնոլորտի պոտենցիալ վտանգավոր գործընթացների ամբողջական մոնիտորինգը և կանխատեսումը կարևոր է գնահատելու համար ռիսկերը տնտեսության տարբեր ոլորտներում, մասնավորապես, ապահովելու համար բարդ տեխնոլոգիական սարքավորումների (այդ թվում ` միջուկային) անվտանգությունը, որոնց շարքից դուրս գալը կարող է ունենալ աղետալի հետևանքներ և վտանգավոր տևական ազդեցություններ շրջակա միջավայրի և մարդկանց կենսապայմանների վրա:

Երկրի մթնոլորտում պոտենցիալ վտանգավոր գործընթացների մոնիտորինգը և կանխատեսումը շատ կարևոր է նաև ռազմական պաշտպանական համակարգերի, այդ թվում ղեկավարման, դիտարկման, հսկման և կապի միջոցների, էլեկտրոնիկական սարքավորումների, էներգետիկական կայանքների կայուն անխափան աշխատանքի համար, ռազմական տակտիկական և հետախուզական գործընթացների պլանավորման և կատարման համար:

Հայաստանում կլիմայական և մթնոլորտային գործընթացների ֆիզիկայի բնագավառում հետազոտությունների առաջնահերթությունները ներառում են.

• Բարձր տեխնոլոգիական սենսորների և մոնիտորինգի համակարգերի ցանցերի ստեղծումը հիմնական երկրաֆիզիկական պարամետրերի չափման համար:

• Ցանցի շարունակական շահագործման ապահովումը և իրական ժամանակում տվյալների ուղարկումը բազային սերվերներ:

• Տվյալների փոխանցման և պահեստավորման, բազմաչափ արտացոլման և վիճակագրական վերլուծության համակարգերի ստեղծումը:

Երկրաֆիզիկայի հետազոտությունների կատարումը համաշխարհային մակարդակով կզարգացնի Հայաստանում գիտական և տեխնոլոգիական ներուժը, կնպաստի հասնելու հայ գիտնականների գերակայության և կդնի հիմքերը արագ և պատրաստակամ արձագանքելու 21 - րդ դարի աննախադեպ մարտահրավերներին: